Նոր Նորք վարչական շրջան

Նոր Նորք, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի «Բանավան» ու «Մայակ» թաղամասերը։ Ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։

Բնակչությունը՝ 129 900 մարդ (2015)։

Պատմություն

Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։

Նոր Նորք համայնքում կան 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 20 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 22 մանկապարտեզ, 2 քոլեջ, 1 արհեստագործական ուսումնարան, կենտրանական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 4 մարզադպրոց, ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան, Նանսենի անվան թանգարանը, գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան։

Քաղաքի պատմամշակութային արժեքներից համայնքում կան 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար. 4 խաչքար և 1 ջրանցք։

Նոր Նորքում են գտնվում Ջրաշխարհը, Ավանգարդ-Մոթորսը, Եվրոթերմը, Հայ կոլան, Գապեքսը, Գաջ ԲԲԸ, Ավտոմատիկա, Վան, Կոնեկտ, Էլեկտրոմաշ, Պրոգրես, Լազերային տեխնիկա, Էլտե պիրկալ, Սիգարոն, Նեյրոն, Սելենա և այլ գործարաններ ու ձեռնարկություններ։

Оставьте комментарий